Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ...

Իսրայելի զինվորականները պատրաստ են այն բանին, որ Իրանի դեմ արշավը տևելու է մի քանի շաբաթ: Միևնույն ժամանակ, Իսրայելն Իրան ուժեր ուղարկելու ծրագրեր չունի։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ներկայացուցիչ Նադավ Շոշանիին հարց են ուղղել տարածաշրջանում ցամաքային ուժեր տեղակայելու հավանականության մասին։ Նա ասել է, որ դա «քիչ հավանական է»։

ԻՊԲ ներկայացուցիչը նաև նշել է, որ Իսրայելը մշակել է մի քանի շաբաթվա գործողությունների ընդհանուր պլան։ Նա հավելել է, որ ռազմական արշավի տևողությունը կարող է փոխվել՝ կախված իրադարձությունների զարգացումից։ Նրա խոսքով՝ իրավիճակը ներկա պահին զարգանում է Իսրայելի օգտին։

Շոշանին նաև նշել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «զգալիորեն սահմանափակել են» հարվածներ հասցնելու Իրանի կարողությունները։ Նրա խոսքով՝ ոչնչացվել են իրանական տասնյակ հրթիռային կայանքներ։

Պաշտոնյան նաև ասել է, որ ռազմական գործողությունների առաջին երկու օրվանից հետո Իսրայելի վրա արձակվող հրթիռների թիվը փոքրացել է։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։