Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի ֆինանսա...

Իսրայելի պաշտպանական բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցրել Լիբանանում «Քարդ ալ Հասան» ասոցիացիայի հետ կապված ենթակառուցվածքների. այն, իսրայելական կողմի պնդմամբ, մասնակցում է արմատական ​​«Հեզբոլլահ» շարժման ֆինանսավորմանը: Այս մասին հաղորդում է Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը:

Ըստ հրապարակման՝ ավիահարվածներ են հասցվել Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հետ կապված ֆինանսական հաստատության երեք մասնաճյուղերի։

Հարվածներից մեկը հասցվել է Լիբանանի մայրաքաղաքի օդանավակայանից ոչ հեռու։

NNA-ը նաև հաղորդում է, որ հարվածներ են հասցվել ասոցիացիային Հերմելում, Ռիյակում և Բաալբեկում՝ Իսրայելի սահմանից մոտավորապես 100 կմ հեռավորության վրա գտնվող Լիբանանի արևելքի Բեքաայի հովտի շրջանում։

Գործակալության տվյալներով՝ Բաալբեկում հարվածի տակ է հայտնվել առևտրային շուկան, որը տեղակայված է մինչ այդ «Քարդ ալ Հասան»-ի կողմից օգտագործվող շենքում։

Իր հերթին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X սոցիալական հարթակում հայտնել է ամբողջ Լիբանանում ֆինանսական ենթակառուցվածքին հասցված հարվածների մասին՝ նշելով, որ Բեյրութում ԻՊԲ-ն հարվածել է 15 շենքի։ 

1983 թվականին հիմնադրված «Քարդ ալ Հասան» ասոցիացիան ոչ առևտրային ֆինանսական հաստատություն է: Իսրայելը պնդում է, որ «Հեզբոլլահ»-ն այս կազմակերպությունն օգտագործում է իր գրոհայիններին աշխատավարձ տալու համար և քաղաքացիական բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար՝ խուսափելով պատժամիջոցներից: 

Պաշտոնատար անձանց խոսքով՝ «Քարդ ալ-Հասան»-ը 31 մասնաճյուղ ունի Լիբանանում, այդ թվում` Բեյրութում և Բեքաայում:

Միևնույն ժամանակ, «Քարդ ալ Հասան» ասոցիացիան հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր «բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը ձեռնարկել է ավանդներն ու արժեքավոր իրերը պաշտպանելու համար»:

Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտարարեց Լիբանանում տվյալ ֆինանսական հաստատության գրասենյակների վրա հարձակվելու մասին: