Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ հարվածներ է հասցնում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։ 

«ԻՊԲ-ն այս պահին ճշգրիտ հարվածներ է հասցնում Բեյրութին։ Մանրամասները կհաջորդեն», - նշված է ԻՊԲ-ի Telegram ալիքում։

Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Բեյրութի հարավային արվարձաններին հասցված իսրայելական հարվածների թիրախում է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկը։ 

Իր հերթին Բեյրութում BBC-ի  թղթակիցը հայտնել է, որ Բեյրութի հարավային Դահիեի արվարձանից տարածված տեսանյութերում ծուխ է երևում։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հրթիռներ է արձակում Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ ԻՊԲ-ն հայտնել է, որ Քիրյաթ Շմոնա քաղաքի վրա է արձակվել շուրջ 10 հրթիռ, որոնց մի մասը խոցվել է։ Քաղաքի բնակչության մեծ մասը տարհանվել է։ 

Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 630-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։