Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դիտավորյալ և ցուցադրական ցեղասպանության համար։
«Amnesty International-ի հետաքննությունը բավարար ապացույցներ է գտել՝ եզրակացնելու, որ Իսրայելը կատարել և շարունակում է ցեղասպանություն իրագործել պաղեստինցիների դեմ օկուպացված Գազայի հատվածում՝... սանձազերծելով դժոխք և ավերածություններ ու դա անում է լկտիաբար, շարունակաբար և լիակատար անպատժելիությամբ», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Ըստ Amnesty International-ի՝ Իսրայելը ցուցադրաբար «կատարում է Ցեղասպանության մասին կոնվենցիայով արգելված գործողություններ՝ Գազայի հատվածում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ»։
Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարի խոսքով՝ կազմակերպության «դատապարտելի բացահայտումները պետք է ծառայեն որպես արթնացման կոչ միջազգային հանրությանը»:
«Պետությունները, որոնք շարունակում են զենք մատակարարել Իսրայելին, պետք է իմանան, որ խախտում են ցեղասպանությունը կանխելու իրենց պարտավորությունները և կարող են մեղսակից դառնալ այս հանցագործությանը: Իսրայելի վրա ազդեցություն ունեցող բոլոր երկրները, հատկապես ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ԵՄ անդամները և մյուսները, պետք է անհապաղ գործեն Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի վայրագությունները դադարեցնելու համար»,- ասել է նա։
Amnesty International-ը նաև նշել է, որ հետաքննության ընթացքում կազմակերպության աշխատակիցները «հարցազրույց են անցկացրել 212 մարդու հետ, կատարել դաշտային հետազոտություն և վերլուծել տեսա և թվային ապացույցների լայն շրջանակ, ներառյալ արբանյակային պատկերները»: