Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ իր զինվորականներն առնչություն չունեն խաղաղ բնակիչների գնդակոծման հետ, որոնք մարտի 14-ին Գազայի հատվածի հյուսիսում սպասում էին մարդասիրական օգնության ավտոշարասյան ժամանմանը։
ԻՊԲ-ն հայտնել է, որ զինված պաղեստինցի արմատականներն են կրակ բացել մարդկանց վրա, երբ նրանք սպասում էին հումանիտար օգնությամբ 31 բեռնատարների ժամանմանը։
«Ավտոշարասյան՝ հումանիտար միջանցք ժամանելուց մոտավորապես մեկ ժամ առաջ զինված պաղեստինցիները կրակ են բացել, մինչ Գազայի խաղաղ բնակիչները սպասում էին օգնությամբ ավտոշարասյան ժամանմանը։ Մինչ օգնությամբ բեռնատարները մտնում էին, պաղեստինցի զինյալները շարունակում էին կրակել, իսկ Գազայի բնակիչների ամբոխը սկսել էր թալանել բեռնատարները։ Բացի այդ, Գազայի մի շարք խաղաղ բնակիչներ վրաերթի են ենթարկվել բեռնատարների կողմից», - ասված է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ։
ԻՊԲ-ն ընդգծել է, որ գիշերը տեղի ունեցած միջադեպի փաստով կատարվել է հանգամանալից նախնական ստուգում, որը ցույց է տվել, որ իսրայելցի զինվորականները կրակ չեն բացել Գազայի Քուվեյթի հրապարակի տարածքում գտնվող ավտոշարասյան վրա։