Իսրայելը Գազան նվաճելու նոր ծրագիր է ներկայաց...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի բնակչությունը կտեղափոխվի հարավ այն բանից հետո, երբ նրա անվտանգության կաբինետը հաստատել է անկլավում ռազմական գործողություններն ընդլայնելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Մեկ բան պարզ կլինի. մուտք և ելք չի լինի։ Մենք կկանչենք պահեստազորայիններին, որպեսզի գան, պահեն տարածքը. մենք չենք մտնելու և դուրս գալու հատվածից, որպեսզի հետո ռեյդեր իրականացնենք։ Ծրագիրը դա չէ։ Մեր մտադրությունը դրա հակառակն է», - ասել է Նեթանյահուն X-ում հրապարակված տեսաուղերձում։

Նա հավելել է, որ «ինտենսիվ գործողությունից» առաջ բնակչությունը կտեղափոխվի՝ նրանց պաշտպանելու նպատակով։

«Մենք գտնվում ենք խոշոր գործողությամբ Գազա մուտք գործելու նախաշեմին՝ Գլխավոր շտաբի առաջարկի հիման վրա», - ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում՝ հավելելով, որ զինվորական պաշտոնյաներն իրեն ասել են, որ ժամանակն է «սկսել վերջնական քայլերը»։

Ըստ Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանի՝ Նեթանյահուն հայտարարել է, որ խոսքը թիրախային ռեյդերի մասին չէ, այլ «տարածքների լիակատար բռնազավթման և դրանց նկատմամբ կայուն վերահսկողության հաստատման»։

Իսրայելի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայում «Գիդեոնի մարտակառքերը» անվամբ գործողությունը միաձայն հաստատվել է անվտանգության կաբինետի կողմից՝ ՀԱՄԱՍ-ին ճնշելու և բոլոր պատանդների ազատ արձակումն ապահովելու նպատակով։

Նրա խոսքով՝ եթե պատանդների հետ կապված համաձայնություն չլինի, ապա «Գիդեոնի մարտակառքերը» գործողությունը «կսկսվի ամբողջ ուժով և չի դադարի մինչև բոլոր նպատակներին հասնելը»:

Ծրագիրը կիրագործվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հաջորդ շաբաթ Մերձավոր Արևելք նախատեսվող այցից հետո, որպեսզի հնարավորություն տրվի պատանդների շուրջ համաձայնության հասնելու համար, հավելել է իսրայելցի պաշտոնյան։

Ավելի վաղ Իսրայելի ավտանգության կաբինետը միաձայն հաստատել էր Գազայի հատվածում ռազմական գործողություններն ընդլայնելու ծրագիրը։ Ծրագիրը ներառում է Գազայի տարածքի գրավում և այնտեղ վերահսկողության հաստատում, խաղաղ բնակիչների տեղահանում դեպի հարավ, ՀԱՄԱՍ-ին մարդասիրական օգնությունից զրկում, ինչպես նաև խմբավորման ենթակառուցվածքներին և հրամանատարական կետերին զանգվածային հարվածներ։