
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Մեծ Բրիտանիային՝ իսրայելցի նախարարներ Իտամար Բեն-Գվիրի և Բեզալել Սմոտրիչի նկատմամբ կիրառված պատժամիջոցների համար։ Համապատասխան հայտարարությունը X սոցիալական հարթակում տարածել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
Նախարարի խոսքով՝ «Իսրայելի հողի վրա բրիտանական մանդատն ավարտվել է 1948 թվականի մայիսին, և այդ ժամանակները երբեք չեն վերադառնա»։
«Իսրայելի վրա քաղաքական ճնշումը, որը դրսևորվում է տարբեր ձևերով, ունի մեկ նպատակ՝ դադարեցնել պատերազմն՝ առանց իր նպատակներին հասնելու, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը վերահսկում է Գազան և շարունակում է վտանգել Իսրայելի անվտանգությունը։ Սա լավ պլանավորված և ժամանակին հաշվարկված ճնշում է, որը ներառում է տարբեր երկրների կողմից ձեռնարկված մի շարք քայլեր, միջազգային ֆորումներում որոշումներ և այսպես կոչված «միջազգային դատարաններում» գործընթացներ։ Իսրայելի դեմ գործողություններն ու որոշումները նաև նպաստում են ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման կոշտացմանը պատանդների շուրջ գործարքի բանակցություններում և հեռացնում են հրադադարից», - գրառման մեջ նշել է նա։
Նա Բրիտանիայի սահմանած միջոցներն անվանել է «սկանդալային և անընդունելի»։
Սաարը նշել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին կանցկացվի կառավարության նիստ, որի ժամանակ կորոշվի երկրի արձագանքը նախարարների դեմ կայացված որոշումներին։
Իսրայելցի նախարարների դեմ պատժամիջոցները դատապարտել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միացյալ Նահանգները դատապարտում է Միացյալ Թագավորության, Կանադայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի կառավարությունների կողմից Իսրայելի կաբինետի երկու գործող անդամների նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս պատժամիջոցները չեն նպաստում ԱՄՆ-ի կողմից հրադադարի հասնելու, բոլոր պատանդներին տուն վերադարձնելու և պատերազմը դադարեցնելու ջանքերին», - գրել է նա X սոցիալական հարթակում։
«Մենք մերժում ենք համարժեքության ցանկացած գաղափար. ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է, որը կատարել է աննկարագրելի վայրագություններ, շարունակում է պատանդ պահել անմեղ քաղաքացիների և խանգարում է Գազայի ժողովրդին խաղաղ ապրել։ Մենք հիշեցնում ենք մեր գործընկերներին չմոռանալ, թե ով է իրական թշնամին, - հավելել է նա։
Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, Մեծ Բրիտանիան հայտարարել էր Բեն-Գվիրի և Սմոտրիչի նկատմամբ պատժամիջոցների մասին՝ պաղեստինցիների նկատմամբ բռնության նրանց բազմաթիվ կոչերի պատճառով։
Լոնդոնի նախաձեռնությանը միացել են Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան։