
Իսրայելը չէր կարող հարված հասցնել Իրանին առանց ԱՄՆ-ի թույլտվության և Վաշինգտոնի հետ համակարգման, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Այս ագրեսիան հնարավոր չէր լինի առանց ԱՄՆ-ի հետ համակարգման և նրանց կողմից կանաչ լույսի։ ԱՄՆ կառավարությունը, որպես սիոնիստական ռեժիմի գլխավոր կողմնակից, պատասխանատվություն է կրում ագրեսիայի վտանգավոր հետևանքների համար։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Իրանն ունի օրինական իրավունք արձագանքելու այս ագրեսիային, և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կպաշտպանեն երկրի ինքնիշխանությունը իրենց ամբողջ ուժով», - Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեջբերում է Արաղչիի խոսքերը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Արաղչին կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին «հստակ դիրքորոշում ընդունել և դատապարտել սիոնիստական ռեժիմի ագրեսիվ արարքը»։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։
The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։