Իսրայելը ավելի կոշտ պատասխան կստանա Հանիեի սպ...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոխհրամանատարը հայտնել է, որ Իսրայելն ավելի կոշտ պատասխան կստանա՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության, տեղեկացրել է Mehr-ը։

«Կեղծ սիոնիստական վարչակարգը, որը սպանում է երեխաներին, շարունակել է իր հիմարությունը եւ Հանիեին նահատակել իսլամական Իրանի հողում, եւ մենք կպատասխանենք համապատասխան ժամանակ եւ համապատասխան տեղում,- հայտնել է բրիգադի գեներալ Ալի Ֆադավին երկուշաբթիի։- Մենք կորոշենք պատժի ժամանակն ու միջոցը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելը ծանր հանցագործություն է կատարել՝ սպանելով Հանիեին, եւ «այս անգամ նա կպատժվի շատ ավելի խիստ, քան առաջ»։

ՒՀՊԿ հրապարակած հայտարարության համաձայն՝ Իսմայիլ Հանիեն եւ նրա թիկնապահներից մեկը զոհվել են Թեհրանում հուլիսի 31-ին, նրանց նստավայրի դեմ գրոհի ժամանակ։ Նշվել է, որ Իսմայիլ Հանիեի սպանությունը «ծրագրված էր եւ իրականացվել է սիոնիստական վարչակարգի կողմից եւ ունեցել է Ամերիկայի հանցավոր կառավարության աջակցությունը»։