
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հրամայել է մարդասիրական օգնության փաթեթ ուղարկել հարավային Աս-Սուվեյդա քաղաքում գտնվող սիրիացի դրուզներին՝ այնտեղ ստեղծված իրավիճակի լույսի ներքո։ Այս մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը կայացվել է «Աս-Սուվեյդայում դրուզների վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների և տարածքում ստեղծված լուրջ մարդասիրական իրավիճակի լույսի ներքո, ինչպես նաև տեղում առկա կարիքներին համապատասխան»։
Նախարարությունը նշել է, որ օգնության փաթեթի ընդհանուր արժեքը կկազմի 2 միլիոն շեկել (594,8 հազար դոլար՝ ներկայիս փոխարժեքով)։ Այն կներառի, մասնավորապես, սննդի փաթեթներ, բժշկական սարքավորումներ, առաջին բուժօգնության պարագաներ և դեղորայք։ Ֆինանսավորումը տրամադրվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բյուջեից։
«Օգնությունը կտրամադրվի հատկապես Աս-Սուվեյդա շրջանի դրուզ բնակավայրերին, որոնք անմիջականորեն տուժել են դաժան հարձակումներից: Այս օգնությունը լրացնում է նախորդ օգնության փաթեթը, որը Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը տրամադրել էր Սիրիայում գտնվող դրուզներին անցյալ տարվա մարտին», - նշել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը: