: Իսրայելական The Jerusalem Post պարբերականն աշխարհի ամենաազդեցիկ հրեա է համարել ամերիկյան Open AI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանին, որին պատկանում է ChatGPT չաթբոտը։ Այս տարի 52 անուններից բաղկացած վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, որը վերջերս է զոհվել ավիավթարից։
Պարբերականն իր ամենամյա վարկանիշային ցուցակը հրապարակում է այս օրերին նշվող հրեական Նոր տարվա՝ Ռոշ Հա Շանա տոնի կապակցությամբ։
Աշխարհի ամենաազդեցիկ հրեաների վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն զբաղեցրել է երրորդ տեղը։
Չորրորդ հորիզոնականում իսրայելական բողոքի շարժման առաջնորդներն են, այդ թվում՝ Շիքմա Բրեսլերը, որը Թել Ավիվում ամեն շաբաթ հանդես է գալիս դատական բարեփոխումների դեմ անցկացվող հակակառավարական հանրահավաքներում։ Այս տարի իսրայելական բողոքի շարժման առաջնորդներին երբեմն հաջողվել է փողոց դուրս բերել մինչև կես միլիոն ակտիվիստի, ինչը շատ նշանակալի ցուցանիշ է 10 միլիոնը չգերազանցող բնակչությամբ երկրի համար:
Ցուցակը եզրափակում է «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
Ընդհանուր առմամբ, 52 հորիզոնականից բաղկացած վարկանիշային աղյուսակում ընդգրկված են քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ, արվեստի գործիչներ, որոնք ապրում են ինչպես Իսրայելում, այնպես էլ արտերկրում։
Ի դեպ, ցուցակում չի ընդգրկվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը 2022 թ.-ին զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։



