Իսրայելում հավանություն են տվել պաղեստինյան տ...

Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հավանություն է տվել Հորդանան գետի Արևմտյան ափին նոր իսրայելական բնակավայրերի կառուցմանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

«Ֆինանսների նախարարը հայտարարել է Մաալե Ադումիմի մերձակայքում 3401 և հարևան շրջանում ևս 3515 նոր բնակարան կառուցելու մասին՝ վերսկսելով երկար ժամանակ արգելափակված E1 նախագիծը, որը քննադատները դիտարկում են որպես ռազմավարական արգելք ապագա պաղեստինյան պետության ստեղծման համար», - նշում է Ynet պորտալը։

Հրապարակման մեջ ասվում է, որ «այս քայլն ազդարարում է Արևմտյան ափին Իսրայելի փաստացի ինքնիշխանության ձգտելու մասին»։

E1 նախագիծը շուրջ 12 քառակուսի կիլոմետր տարածք է, որն ընկած է Երուսաղեմի արևելյան մասի և Հորդանան գետի Արևմտյան ափի արաբական Էլ Էզարիա քաղաքի միջև։

Նախագծի նպատակը բնակավայրի կառուցումն է, որը կմիացնի իսրայելական Մաալե Ադումիմի և Երուսաղեմ բնակավայրերը՝ այդպիսով ընդլայնելով Իսրայելի տարածքը Արևելյան Երուսաղեմի շուրջ։

Միջազգային հանրությունը նախագիծը խոչընդոտ է համարում խաղաղության գործընթացի և պաղեստինյան պետության ստեղծման ճանապարհին։

E1 նախագիծը փաստացի սառեցված էր 2010-ական թվականների սկզբից։ 2010 թ. Իսրայելը հայտարարել էր այդ շրջանում շինարարական պլանների մասին, ինչը լուրջ միջազգային արձագանք էր առաջացրել, որի հետևանքով շինարարությունը կասեցվել էր։