Իսրայելում հաստատել են Թրամփի այցից հետո Գազա...

Իսրայելի անվտանգության կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում ռազմական հարձակումը ընդլայնելու ծրագիրը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի միայն տարածաշրջան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Իսկ մինչ այդ ջանքեր կգործադրվեն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնության հասնելու նպատակով։

Բացի այդ, պաշտոնյայի խոսքով՝ անվտանգության կաբինետը հաստատել է Գազա օգնության մատակարարումները վերսկսելու ծրագիրը՝ միաժամանակ վերանայելով մեխանիզմը, որպեսզի օգնությունը հնարավորինս չչարաշահվի ՀԱՄԱՍ-ի կողմից։ Ծրագրին դեմ է քվեարկել միայն Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։

Ավելի վաղ Axios-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մոտ են Գազայի պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները վերսկսելու շուրջ համաձայնություն ձեռք բերելուն։ Օգնության տրամադրման նոր մեխանիզմը նախատեսում է, որ այն «չշեղվի, չթալանվի կամ չչարաշահվի այնպիսի ահաբեկչական խմբավորումների կողմից, ինչպիսին ՀԱՄԱՍ-ն է»։

Իսրայելը մարտի 2-ից ի վեր շարունակում է խոչընդոտել սննդի և դեղորայքի մուտքը Գազա։ Երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ ներկայիս կառավարության նպատակն է պատերազմում հաղթանակի հասնել առանց որևէ զիջման։