Իսրայելի ուժերի ռազմական գործողությունների հե...

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական շրջաններին տանկերով հարվածներ և ավիահարվածներ է հասցրել, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Բացի այդ, տանկերն առաջ են շարժվել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Չնայած Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև ինտենսիվ մարտերին, Իսրայելը նաև Գազայի հատվածում մարտեր է մղում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ։ 

Ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների՝ իսրայելական տանկերի հարվածներից Նուսեյրաթի փախստականների ճամբարում 8 մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։ Եվս 6 մարդ զոհվել է Գազա քաղաքում տան վրա իրականացված ավիահարվածի հետևանքով։

Ըստ բժիշկների՝ Բեյթ Հանուն քաղաքում ավտոմեքենային իսրայելական հարվածից մի քանի պաղեստինցի է սպանվել և վիրավորվել. նրանց հստակ թիվը չի նշվում։ 

Իսկ Գազայի հարավում գտնվող Ռաֆահում տանկերն ավիացիայի օգնությամբ առաջ են շարժվել դեպի քաղաքի հյուսիս-արևմուտք։ Ըստ բնակիչների՝ մի քանի տուն է պայթել։

Իսրայելի բանակը հայտնել է, որ Ռաֆահում գործող իր ուժերը վերջին շաբաթների ընթացքում սպանել են հարյուրավոր պաղեստինցի զինյալների, տեղորոշել են թունելներ և պայթուցիկներ և ոչնչացրել ռազմական ենթակառուցվածք։

ԱՄՆ-ն, Կատարը և Եգիպտոսն ամիսներ շարունակ փորձում են հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնագրի։ Դրան խանգարում է այն, որ Իսրայելը պահանջում է իր զորքերը թողնել Գազայի և Եգիպտոսի միջև գտնվող Ֆիլադելֆիական միջանցքում։ Բացի այդ, տարաձայնությունների առիթ են իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման պայմանները։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը։