Իսրայելի Քնեսեթը դեմ է քվեարկել խորհրդարանի լ...

Իսրայելի Քնեսեթի (խորհրդարանի) անդամների մեծամասնությունը դեմ է քվեարկել օրենսդիր մարմնի լուծարման օրինագծին: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Ըստ հրապարակման՝ Քնեսեթը լուծարելու վերաբերյալ ընդդիմության կողմից աջակցվող օրինագիծը չի անցել նախնական լիագումար ընթերցումը. օրենսդիրները դեմ են քվեարկել 62-51 հարաբերակցությամբ այն բանից հետո, երբ ծայրահեղ ուղղափառ օրենսդիրների մեծամասնությունը համաձայնել է չաջակցել այդ առաջարկությանը։

Ինչպես նշվում է, օրինագծի ձախողումը նշանակում է, որ ընդդիմությունը չի կարողանա հաջորդ վեց ամսվա ընթացքում կրկին խորհրդարանը լուծարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել։

Իսրայելի Kan պետական ​​​​հեռուստառադիոընկերությունն անցած շաբաթ հաղորդել էր, որ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխող կոալիցիան փլուզման եզրին է, քանի որ կրոնական կուսակցությունների դաշինքն սպառնացել է դուրս գալ դրանից Իսրայելի պաշտպանության բանակում ուղղափառ հրեա երիտասարդների ծառայության շուրջ վեճերը կարգավորել չկարողանալու պատճառով։ Ընդդիմադիր կուսակցություններն այդ իրադարձությունների ֆոնին հայտարարել էին, որ Քնեսեթի լիագումար նիստին օրինագիծ կներկայացնեն ներկայիս գումարման խորհրդարանը լուծարելու վերաբերյալ։