Իսրայելի Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրն Ադրբեջան է այցելել Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից երկու օր առաջ, հաղորդում է Բանակային ռադիոն: Այցը տեղի է ունեցել վերջին շաբաթներին Ադրբեջան իսրայելական զենքի մատակարարումների ավելացման ֆոնին:
Իսրայելը գտնվում է Թուրքիայի հետ սերտորեն կապված շիա մեծամասնություն ունեցող երկրի՝ Ադրբեջանի հետ երկկողմ կապերի հրապարակային ընդլայնման գործընթացում:
Մարտին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը բացել է Իսրայելում Բաքվի առաջին դեսպանատունը: Նախագահ Իսահակ Հերցոգը մայիսին այցելել է Ադրբեջան, որտեղ քննարկել է «իրանական սպառնալիքը» եւ երկկողմ կապերը:
Իսրայելն Ադրբեջանին զենք մատակարարողներից մեկն է․ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ Իսրայելը 2016-2020 թվականներին ապահովել է Բաքվի զենքի հիմնական ներկրման 69 տոկոսը, ինչը կազմել է այդ ժամանակահատվածում Իսրայելի զենքի արտահանման 17 տոկոսը:
Իսրայելն ավելացրել է զենքի մատակարարումն Ադրբեջան՝ 2020 թվականին Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ հարաբերությունների երկու հենասյուններն են Ադրբեջանի դիրքը Իրանի հյուսիսային սահմանին եւ այն փաստը, որ Իսրայելն իր նավթի ավելի քան 30 տոկոսը գնում է Բաքվից: