Իսրայելի նախկին վարչապետը կոշտ քննադատել է Գա...

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, որը պաշտոնավարել է 2006-2009թթ., CNN-ին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Իսրայելի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը՝ ասելով, որ այլևս չի կարող պաշտպանել Իսրայելը ռազմական հանցագործությունների մեղադրանքներից։

Նա մատնանշել է Գազայում հումանիտար օգնության 11-շաբաթյա շրջափակումը և զոհված պաղեստինցիների մեծ թիվը։

«Ի՞նչ է դա, եթե ոչ ռազմական հանցագործություն», - ասել է Օլմերտը՝ հավելելով, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու ծայրահեղ աջ նախարարների գործողությունները այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել։

Օլմերտը նշել է, որ պատերազմը պետք է ավարտված լիներ մեկ տարի առաջ։ Haaretz թերթում հրապարակված իր հոդվածում նա գրել է. «Այն, ինչ անում ենք հիմա Գազայում, զանգվածային ոչնչացման պատերազմ է՝ անսահման, դաժան և հանցավոր»։

Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 54,000 պաղեստինցի, այդ թվում՝ առնվազն 28,000 կին և երեխա։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի ավելի քան 20,000 մարտիկ։

Օլմերտը նշել է, որ իսրայելցիների մեծ մասը հոգնել է այս կառավարության քաղաքականությունից։ Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ բնակչության մեծ մասը աջակցում է լիակատար հրադադարի և պատանդների վերադարձի համաձայնագրին, սակայն Նեթանյահուն հրաժարվում է դադարեցնել պատերազմը։

Օլմերտը հույսը դրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ նշելով, որ միայն նա կարող է ստիպել Նեթանյահուին ընդունել ստեղծված իրավիճակի իրականությունը։