Իսրայելի իշխանությունները ծրագրում են նոր խոշ...

Իսրայելի իշխանությունները ծրագրում են նոր խոշոր ցամաքային հարձակում Գազայի հատվածում, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ տարածքի մի մասի գրավումն ու իսրայելական ուժերի վերահսկողության ներքո պահելը հնարավորություն կտա վերջնականապես հաղթել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը։

Ինչպես գրում է WSJ-ը, Նեթանյահուն և նրա մի խումբ օգնականներ, որոնք նշանակվել են վերջին ամիսներին, համոզված են, որ ՀԱՄԱՍ-ը նախ պետք է ջախջախել մարտի դաշտում, ապա «առաջ մղել Գազայի ճակատագրի ցանկացած քաղաքական լուծում»։ Մինչ այս Իսրայելի ՊՆ-ն այն կարծիքին էր, որ ՀԱՄԱՍ-ը կարող է ռազմական ճանապարհով թուլանալ, սակայն նրա ազդեցությանը վերջ դնելու համար անհրաժեշտ էր հասնել Գազայում նոր կառավարության ձևավորմանը։

Բենյամին Նեթանյահուն և նրա նոր թիմը, ներառյալ պաշտպանության նախարար Իսրայել Կացը, կարծում են, որ անցյալ տարի Լիբանանում Հեզբոլլահի ռազմական պարտությունը և ՀԱՄԱՍ-ի դեմ վերսկսված հարձակմանը աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը նրանց գործողությունների հարցում ավելի մեծ ազատություն է տալիս, բացատրել են WSJ-ի զրուցակիցները:

Հրատարակությունը նշում է, որ իշխանությունների ծրագրերը կարող են հակասություններ առաջացնել իսրայելցիների շրջանում. հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ աջ ընտրողները, ցանկանում են մարտերի դադարեցում՝ որպես պատանդների վերադարձը երաշխավորող համաձայնագրի մաս։

Մարտի 18-ի գիշերը Իսրայելը երկամսյա հրադադարից հետո վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։ Մարտի 20-ին Իսրայելի բանակը ցամաքային գործողություն է սկսել։ Նեթանյահուի խորհրդականն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցություն է խոստացել Իսրայելին։