«Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպան...

Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ այն գնահատմանը, ըստ որի Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն են: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսում:

«Մենք միմյանց հետ համաձայն չենք այդ գործողությունները որպես ցեղասպանություն բնութագրելու վերաբերյալ։ Մենք համաձայն ենք այն գնահատմանը, որ դա (խմբ.՝ Իսրայելի գործողությունները) անհամաչափ է», - կանցլերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Մերցի կարծիքով՝ Իսրայելի կառավարությունն այդ կերպ «չի հասնի իր նպատակներին», այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը:

«Մենք Իսրայելի կողմից ենք, դա չի նշանակում, թե մենք համաձայն ենք Իսրայելի կառավարության ցանկացած որոշման հետ», - ընդգծել է կանցլերը:

Մերցը նաև կրկին հայտարարել է, որ «Գերմանիայի կառավարության համար Պաղեստինի պետականության ճանաչումն այս պահին քննարկման առարկա չէ»:

«Մենք նախկինի նման այդ ճանաչումը համարում ենք վերջին, այլ ոչ թե առաջին քայլը՝ երկու պետությունների ստեղծման բանաձևով խնդրի լուծման ճանապարհին», - ասել է նա: 

Կանցլերը խոստովանել է, որ Բեռլինի դիրքորոշումը կապված է Գերմանիայի պատմության հետ:

«Մի բան նույնպես պարզ է. Իսրայելի կառավարության քննադատությունը պետք է հնարավոր լինի, բայց մենք երբեք չպետք է թույլ տանք, որ այն օգտագործվի հրեաների նկատմամբ ատելության բորբոքման համար», - հայտարարել է նա։

Օրերս ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը 72 էջից բաղկացած զեկույց էր հրապարակել, որում, փաստերը համադրելով, Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները որակել է որպես Ցեղասպանություն։