Իսրայելի երկար ձեռքն օդում և ծովում կհասնի ամ...

Իսրայելական ուժերը հունիսի 10-ին երկու ավիահարված են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստին։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ սա իսրայելական ​​ագրեսիայի մի մասն է, որի նպատակն է Եմենին ստիպել հետ կանգնել պաղեստինցի ժողովրդին աջակցելուց։

Նշվում է, որ իսրայելական ​​հարձակումներից անկախ՝ Եմենի զինված ուժերը շարունակում են գործողություններ իրականացնել Իսրայելի ​​թիրախների դեմ օկուպացված պաղեստինյան տարածքներում՝ ի աջակցություն Գազայի հատվածի։ Հարվածի հետևանքների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ նշվել է, որ հարվածները կատարվել են նավահանգստի ռազմական նպատակներով օգտագործումը դադարեցնելու համար։ 

Ըստ հաղորդագրության՝ նավահանգիստն օգտագործվում է զենքի փոխադրման համար և հանդիսանում է «հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների ցինիկ շահագործման ևս մեկ օրինակ՝ ահաբեկչական գործունեությունը խթանելու համար»։

Հարվածները հասցնելուց առաջ Իսրայելի պաշտպանության բանակը տարածքի բնակչության համար նախազգուշացում էր տարածել՝ «քաղաքացիներին վնաս հասցնելու ռիսկը մեղմելու համար»։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը գոհունակություն է հայտնել Հոդեյդա նավահանգստի վրա «հաջող հարձակման» կապակցությամբ։

«Իսրայելի երկար ձեռքը օդում և ծովում կհասնի ամենուրեք։ Մենք զգուշացրել ենք հութի ահաբեկչական կազմակերպությանը, որ եթե նրանք շարունակեն կրակել Իսրայելի վրա, կստանան հզոր պատասխան և կմտնեն ծովային և օդային շրջափակման մեջ։ Մենք դա արեցինք այսօր, և մենք կշարունակենք անել նաև ապագայում», - գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X հարթակում։