Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Լիբանանի Նաբաթիե քաղաքում գտնվող «Ռուսական տան» վրա: Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը լիբանանյան Նաբաթիե քաղաքում ռմբակոծել են գործընկեր «Ռուսական տունը»։ Մշակութային կենտրոնի տնօրեն Ասաադ Դեյան ողջ է և անվտանգ։ Սրանք մեր լավ ընկերներն են. մշակութային կենտրոնում որևէ ռազմական գործունեություն չի իրականացվել։ Ոչինչ չի հրահրել այս հարվածը», - գրել է նա Telegram-ում։
Պրիմակովը հավելել է, որ Բեյրութում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի պաշտոնական ներկայացուցչությունը կապի մեջ է իր գործընկերների հետ։
«Ռուսական տան» հիմնադիր և տնօրեն Ասաադ Դեյան հայտնել է, որ շենքն ամբողջությամբ ավերվել է։ Այնտեղ ոչ ոք չի եղել, քանի որ բոլորը հեռացել էին ռազմական գործողությունների սկսվելուց հետո։
Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից երկրի դեմ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը։



