
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հաստատել է Գազայի հատվածում առաջիկա հարձակողական գործողությունների հիմնական պլանները: Այս մասին նշված է Telegram-ում ԻՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Զամիրն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել մի շարք բարձրաստիճան զինվորականների հետ, որի ընթացքում «հաստատել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների պլանի հիմնական շրջանակները»:
Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են իսրայելական զորքերի ներկայիս գործողությունները, այդ թվում՝ օգոստոսի 12-ին սկսված հարձակողական գործողությունները Գազայի հատվածի ազ Զեյթունի շրջանում:
«Բացի այդ, ներկայացվել և հաստատվել է Գազայի հատվածում (գործողության) հետագա փուլերի պլանի կենտրոնական հայեցակարգը՝ քաղաքական ղեկավարության ցուցումներին համապատասխան: Գլխավոր շտաբի պետն ընդգծել է զորքերի պատրաստվածության բարձրացման և պահեստազորայինների զորակոչին նախապատրաստվելու կարևորությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 8-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից առաջարկված պլանին՝ Գազա քաղաքի ամբողջ տարածքը վերահսկողության տակ վերցնելու և պաղեստինյան անկլավում գործողությունն ընդլայնելու վերաբերյալ: