Իսրայելի անվտանգության ծառայության ղեկավարն ա...

Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության («Շին Բեթ») ղեկավար Ռոնեն Բարը հանգստյան օրերին ժամանել էր Թուրքիա, որտեղ քննարկել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ հնարավոր բանակցությունները: Այդ մասին հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելական Walla լրատվական հարթակի տեղեկատվությանը: 

Walla-ի աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայում Բարը բանակցություններ է վարել այդ երկրի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ, նրանք «քննարկել են Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելուն, պատանդների վերադարձին ուղղված ջանքերը և թուրքական օգնություն ստանալու հնարավորությունը»։

The Times of Israel-ը, վկայակոչելով արաբ պաշտոնյայի, գրում է, որ ներկայում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան գործիչները գտնվում են Թուրքիայում։ Նրանք, ըստ աղբյուրի, Թուրքիան են մեկնել Կատարից, երբ Դոհան հայտարարել է, որ դադարեցնում է Գազայում պատերազմին վերջ դնելու իր միջնորդական ջանքերը։

The Times of Israel-ը նշում է, որ նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ն Թուրքիային նախազգուշացրել է, որ վերջինս իր մոտ չհյուրընկալի ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի դաշնակիցները և գործընկերները չպետք է իրենց մոտ ընդունեն ահաբեկչական կազմակերպության ղեկավարների։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ։