
Իսրայելական ուժերը ռմբակոծել են Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե բնակավայրի մի քանի շրջան՝ շարունակելով խախտել հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է լիբանանյան Al Mayadeen գործակալությունը։
Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի ուժերը մայիսի 8-ին Նաբաթիեին ավելի քան 15 ավիահարված են հասցրել։
Հարձակումների թիրախում են հայտնվել Նաբաթիե ալ-Ֆաուկա, Քֆար Թիբնիթ, Քֆար Ռումման և Ալի ալ-Թահեր շրջանները։
Գործակալության թղթակցի խոսքով՝ իսրայելական օդանավերը դեռևս ցածր բարձրության վրա են թռչում Լիբանանի հարավի մի քանի շրջանների վրայով։
2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ից վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, վիրավորվել՝ ևս 17 000-ը։
Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։
Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրներ։