
Իսրայելական ավիահարվածի թիրախ է դարձել Սիրիայի Հոմսի արևմտյան շրջանում՝ Լիբանանի հետ սահմանին գտնվող Ուադի Խալիդ անցակետը: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելական բանակը հաստատել է իր հարձակումը Սիրիայի Հոմսի շրջանի վրա՝ հայտարարելով, որ թիրախավորել է սիրիա-լիբանանյան սահմանի ճանապարհները, որոնք, ենթադրաբար, օգտագործվում են «Հեզբոլլահ»-ի կողմից Լիբանան զենք տեղափոխելու նպատակով:
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ բանակը կշարունակի աշխատել «Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու և ««Հեզբոլլահ»-ի ներկայությունն ամրապնդելու ցանկացած փորձ կանխելու ուղղությամբ»։
Իր հերթին, Լիբանանի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները «ցածր բարձրության վրա թռիչքներ են իրականացրել Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող Հերմել քաղաքի և հյուսիսային Բեքաայի գյուղերի վրա»։
Իսրայելը 2025 թվականի սկզբից մի շարք հարձակումներ է իրականացրել Սիրիայի տարածքի վրա՝ թիրախավորելով մի քանի շրջաններում գտնվող ռազմական և ռազմավարական օբյեկտներ։
Վիճակագրության համաձայն՝ Իսրայելի կողմից իրականացվել է 12 հարձակում, որից 10՝ օդային, 2-ը՝ ցամաքային։