
Իսրայելական հրետակոծությունների հետևանքով Գազայի հատվածի տարբեր շրջաններում մարտի 31-ին 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն։
Ավելի վաղ՝ մարտի 30-ին, Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայի հատվածում 76 պաղեստինցի էր զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին և Թուլկարմ բնակավայրերում իսրայելական ուժերը հարյուրավոր բնակելի տներ ու խանութներ են ոչնչացրել:
Ջենինի և Թուլկարմի ճամբարների բնակչությունը վտարվել է զենքի սպառնալիքով, ինչի արդյունքում տեղահանվածների թիվը Արևմտյան ափի հյուսիսում հասել է ավելի քան 45 000-ի: Թուլկարմ բնակավայրում և նրա ճամբարներում իսրայելական ուժերի կողմից իրականացվել են ձերբակալություններ։
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության տվյալներով՝ տեղահանվածների թիվը Հորդանան գետի արևմտյան ափում աննախադեպ մեծ է 1967 թվականին իսրայելական օկուպացիայի սկզբից ի վեր:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է «վայր դնի զենքերը», վտարի իր առաջնորդներին և Գազայի անվտանգությունը փոխանցի Իսրայելին, որպեսզի հասնի հրադադարի «վերջնական փուլին»:
Պարենի համաշխարհային ծրագրի ներակայացուցիչը հայտնել է, որ Գազայում պարենային պաշարները բավարար են երկու շաբաթից էլ քիչ ժամկետի համար:
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածներից պաղեստինցի զոհերի թիվը հասել է 50 277-ի, իսկ վիրավորներինը՝ 114 095 -ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։