Իսրայելական հարվածների հետևանքով երկու շաբաթվ...

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 1001 մարդ է զոհվել, 2359-ը՝ վիրավորվել մարտի 18-ին իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից հետո։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում առնվազն 322 երեխա է զոհվել, ևս 609-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն։

Ապրիլի 1-ի վաղ առավոտյան իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել են պաղեստինցի լրագրող Մուհամմեդ ալ-Բարդաուիլը, նրա կինը և երեք երեխաները։ Իսրայելական օդուժը թիրախավորել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի նրանց տունը:

Մարտի 31-ին Գազայի հատվածի Ջաբալիա, Դեյր ալ-Բալահ, Գազա, Խան Յունիս և հարակից շրջաններում իսրայելական ռազմական գնդակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով առնվազն 34 պաղեստինցի է զոհվել։

Մյուս կողմից, Արևմտյան ափում իսրայելական ուժերը շարունակում են ռազմական գործողությունները՝ իրականացնելով հարձակումներ, խուզարկությունների և զանգվածային ձերբակալություններ: 

Ալ-Քասամ խմբավորումը հայտնել է Խան Յունիսի մոտակայքում պայթուցիկ սարքով իսրայելական տանկը պայթեցնելու և ականանետային արկերով տարածքը գնդակոծելու մասին։

Պաղեստինի հասարակական կազմակերպությունների ցանցը հայտնել է, որ Գազայի հատվածում գործող հացաբուլկեղենների արտադրամասերը, որոնց աջակցում է Պարենի համաշխարհային ծրագիրը, կփակվեն ալյուրի պակասի պատճառով։

Իր հերթին, Axios-ը մեջբերել է իսրայելցի պաշտոնյայի, ըստ որի՝ Իսրայելի բանակը կընդլայնի իր ցամաքային գործողությունը Գազայում և երկու-երեք շաբաթվա ընթացքում կգրավի տարածքի մեկ քառորդը:

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածներից պաղեստինցի զոհերի թիվը հասել է 50 357 -ի, իսկ վիրավորներինը՝ 114 400 -ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։