«Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնությունը, ինչպես նաև պաղեստինյան պետականության ստեղծումը կարող են ձեռք բերվել մոտ ապագայում»․ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած համաշխարհային տնտեսական համաժողովում․
«Մենք մեր տարածաշրջանային գործընկերների հետ ակտիվորեն առաջ ենք շարժվում կարգավորման և ինտեգրման ճանապարհով։ Բայդենի վարչակազմը տեսնում է ապագա, որտեղ իսրայելցիներն ու արաբները կկարողանան ապրել խաղաղության մեջ, պաղեստինցիները կունենան իրենց պետությունը, իսկ Իսրայելի անվտանգությունը երաշխավորված կլինի։ Դա անիրագործելի չէ, դա կարելի է անել, պետք է ամեն ինչ ի մի բերել այդ արդյունքին հասնելու համար, և ոչ թե տարիներ անց, այլ մոտ ապագայում», - ասել է Սալիվանը: