Իսպանիայում ողբերգական ջրհեղեղի հետևանքների մասշտաբներն աճում են. իշխանությունները հայտնում են 205 զոհի մասին։ Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են, փոխանցում է Euronews-ը։
Իսպանիան սգում է սաստիկ ջրհեղեղի հետևանքով զոհվածներին. թագավորությունում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել։ Իշխանությունները հիշեցնում են, որ անհայտ թվով մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, ինչը նշանակում է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։
Իսպանիայի հարավ-արևելքում ամբողջական թաղամասեր և գյուղեր ավերակների են վերածվել:
Նման ավերիչ աղետի պատճառը տարածաշրջան հասած DANA փոթորիկն էր. այն առաջացրել է մթնոլորտային «սառը կաթիլ» երևույթը, որը հաճախ հանգեցնում է աղետների: Տուժածները նշում են, որ աղետը բռնկվել է ակնթարթորեն։ «Երեկոյան ժամը 5-ին քաղաքապետարանը հայտարարեց, որ ջուրը բարձրանում է, բայց ամեն ինչ հսկողության տակ է։ Մենք չէինք անհանգստանում, մտածում էինք, որ ամեն ինչ վերահսկվում է։ Աշխատանքից հետո ես նույնիսկ հանգիստ զբոսնեցի շանս հետ»,- պատմել է Պայպորտայի բնակիչներից մեկը։
Օդերևութաբաններն արդեն հայտնել են, որ այս ջրհեղեղը դարձել է Իսպանիայում 1957 թվականից ի վեր ամենամահաբերը։ Նրանք զգուշացնում են՝ տուժած շրջաններում կարող են նոր անձրևներ տեղալ։ Այնտեղ շարունակում է մնալ տագնապի առավելագույն մակարդակը՝ «կարմիր»։