Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 219-ի, զոհերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է երկրի արևելքում գտնվող Վալենսիա ինքնավար համայնքում։ Այս մասին հայտնում է Cadena SER ռադիոկայանը։
Դրա տվյալներով՝ անհետ կորածների թիվը հասել է 93-ի։ Միևնույն ժամանակ, իշխանությունները պարզաբանում են, որ աղետի հետևանքով զոհվածներից 54-ի ինքնությունը դեռևս հայտնի չէ։
Նախկինում հաղորդվում էր 217 զոհի և 89 անհետ կորածի մասին։
Հոկտեմբերի 29-ին Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է երկրի տարբեր շրջաններում հորդառատ անձրևների պատճառով վատ եղանակի մասին։ Թագավորության հարավում և արևելքում տեղումների պատճառով եղանակային վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույնի։
Այժմ ամեն օր անցկացվում են հատուկ ստեղծված ճգնաժամային հանձնաժողովի նիստեր՝ վերահսկելու աղետի հետևանքները։ Միջադեպի պատճառով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հրաժարվել է մասնակցել Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։