Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանն...

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր հայտարարել է, որ արձակելու է խորհրդարանը: Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2023 թ. հուլիսի 23-ին։ Այս մասին հաղորդում է El Pais պարբերականը:

Սանչեսի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նրա «Սոցիալիստական ​​աշխատանքային կուսակցությունը» անհաջող արդյունքներ գրանցեց մայիսի 28-ին անցկացված տարածաշրջանային և մունիցիպալ ընտրություններում:

«Ես անձնական պատասխանատվություն եմ կրում արդյունքների համար և կարծում եմ, որ անհրաժեշտ է արձագանքել դրան։ Կարծում եմ, որ իսպանացիները պետք է բարձրաձայնեն այն մասին, թե ինչ են ուզում կառավարությունից և քաղաքական կուսակցություններից, ինչպես նաև այն մասին, թե ո՛ր քաղաքական ուժերը պետք է կառավարեն երկիրը… Լավագույն բանը, ինչը կարելի է անել այս իրավիճակում, ընտրողներին խոսք տալն է», - ասել է վարչապետն իր հեռուստաուղերձում։

Նա հավելել է, որ գոհ է որպես կառավարության ղեկավար իր աշխատանքի արդյունքներից, և նշել, որ ինքն ստիպված է եղել Իսպանիան ղեկավարել դժվարին պայմաններում. սկզբում երկիրը բախվել է COVID-19-ի համավարակին, այնուհետև Ուկրաինայի հակամարտության հետևանքներին։

Ըստ նախնական արդյունքների՝ ընդդիմադիր պահպանողական «Ժողովրդական կուսակցությունը» վերահսկողություն է ստանում 12 տարածաշրջաններից 8-ում, որտեղ տեղի է ունեցել քվեարկությունը, այդ թվում՝ Մադրիդում և Վալենսիայում։