Ի՞նչ է տեղի ունեցել Արտաշատում․ համայնքապետար...

Արտաշատի համայնքապետարանը պաշտոնական պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով քաղաքացի Արման Բաղդասարյանի կողմից համացանցում հրապարակված տեղեկություններին։

Համայնքապետարանի հաղորդագրության համաձայն՝ շուրջ մեկուկես ամիս առաջ Բաղդասարյանին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի աշխատասենյակում խորհրդատվություն է տրամադրվել իրեն պատկանող հողամասում ավտոսերվիս կառուցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և սահմանված ընթացակարգերի վերաբերյալ։

Համայնքապետարանից պնդում են, որ քաղաքացուն բազմիցս նախազգուշացրել են՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգերը պահպանելու ինքնակամ գործողություններ և շինարարական աշխատանքներ չիրականացնել։

Հետագայում համայնքապետարանի աշխատակիցների իրականացրած տեղազննության արդյունքում, ըստ հաղորդագրության, խախտումներ են արձանագրվել, որոնք դժգոհություն են առաջացրել նաև հարակից հողամասերի սեփականատերերի շրջանում։ Դրանց հիմքով կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը նաև որոշում է կայացրել ինքնակամ շինությունները քանդելու՝ ապամոնտաժելու, և հողամասը նախկին տեսքի բերելու վերաբերյալ։

Համայնքապետարանի փոխանցմամբ՝ Բաղդասարյանի խնդրանքով նրան ժամանակ է տրամադրվել՝ ինքնակամ շինություններն իր միջոցներով ապամոնտաժելու համար։ Աշխատանքները սկսվել են, սակայն կիսատ են մնացել, ինչից հետո ապամոնտաժման մնացած աշխատանքներն իրականացրել է համայնքապետարանը։

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արտաշատի համայնքապետարանը գործում է բացառապես օրենքի շրջանակում՝ առաջնորդվելով օրինականության, համայնքի իրավունքների և համայնքի բնակիչների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության սկզբունքներով»,- ասված է հաղորդագրությունում։

Համայնքապետարանը նաև հորդորել է զերծ մնալ իր գործունեության վերաբերյալ, իր բնորոշմամբ, խեղաթյուրված և չճշտված տեղեկությունների տարածումից՝ առաջնորդվելով փաստերով և օրինական ընթացակարգերով։