Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքի...

Սեպտեմբերի 3-ին ճապոնական կողմին Մոսկվայում և Տոկիոյում բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Կյուսյու կղզում ամերիկյան «Typhon» ցամաքային տեղակայման համալիրների տեղակայման հետ, որոնք նախատեսված են միջին և փոքր հեռահարության հրթիռներ արձակելու համար։ Դրա մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Փաստաթղթում հատկապես ընդգծվել է, որ պաշտոնական Տոկիոն կրկին դիմել է այդ քայլին՝ չնայած ռուսական կողմից բազմիցս արված դեմարշներին՝ մեր մտահոգությունները պարզաբանելու վերաբերյալ, որոնք առնչվում են ազգային անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության համար ծագած սպառնալիքներին՝ ճապոնական արշիպելագում այս տեսակի սպառազինության հայտնվելու պատճառով։

Ընդգծվել է, որ անթույլատրելի է Ճապոնիայի կողմից իր տարածքում վերոնշյալ կայանքների առաջավոր տեղակայումը՝ ինչ էլ որ լինի դրա պատրվակը, անկախ դրանց տեղակայման տևողությունից և եղանակներից։ Ճապոնական կողմին ուղղվել է պահանջ՝ դադարեցնել նման գործելակերպը և վերոհիշյալ համալիրները դուրս բերել իր տարածքից։ Միաժամանակ շեշտվել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ճապոնական ղեկավարությունը լիովին ընդունի Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ներառյալ՝ դրանց տարածքային ասպեկտները, որոնք վերաբերում են Հարավային Կուրիլյան կղզիներին, և հրաժարվի վերառազմականացման կուրսից։

Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ա. Յու. Ռուդենկոն Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ա. Մուտոյի հետ հանդիպման ընթացքում Տոկիոյին կոչ է արել առավելագույն լրջությամբ վերաբերվել ավելի վաղ ուղարկված նոտայի բովանդակությանը։

Նմանատիպ նոտա օրեր առաջ ճապոնական ԱԳՆ է փոխանցվել նաև չինացի գործընկերների կողմից, որոնք ևս մտահոգություն են հայտնում Տոկիոյի վարած վերառազմականացման կուրսի կապակցությամբ, դրանց թվում՝ կղզիներում Typhon համալիրների հայտնվելու համատեքստում։