Իսպանիայի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել թագավո...

Իսպանիայի ՆԳՆ ղեկավար Ֆերնանդո Գրանդե Մարլասկան ասել է, որ ոստիկանությունը հետաքննում է Պայպորտա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, երբ տեղի բնակիչները ցեխ ու փայտ են նետել  Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդի, թագուհի Լետիցիայի և նրանց շքախմբի ուղղությամբ։ Նրանց վրդովեցրել է նահանգում ջրհեղեղների ֆոնին իշխանությունների անգործությունը, գրում է noticiasdenavarra.com-ը։

Ներքին գործերի նախարարն ասել է, որ ոստիկանությունը հայտնաբերել է «ագրեսիվ փոքրամասնություն», որը հարձակվել է թագավորի և վարչապետ Պեդրո Սանչեսի վրա:

Իսպանական TVE հեռուստաալիքի հետ զրույցում Մարլասկան ասել է, որ քաղաքացիական գվարդիայի տեղեկատվական շտաբը հետաքննում է միջադեպը։

Նոյեմբերի 3-ին Ֆելիպե 6-րդը, թագուհի Լետիցիան, վարչապետ Պեդրո Սանչեսը և Վալենսիայի ինքնավար համայնքի ղեկավար Կառլոս Մեյսոնը այցելել էին ջրհեղեղից տուժած շրջան։ Պայպորտա քաղաքում տեղի բնակիչները հայհոյանքներով բղավել էին թագավորի և պաշտոնյաների հասցեին՝ հարցնելով, թե ինչու նրանք ավելի վաղ չեն այցելել քաղաք և նրանց անվանել «մարդասպաններ»։

Սանչեսին հարվածել են փայտով, իսկ թագուհու դեմքին ցեխ են շպրտել։

Հոկտեմբերի 29-ին հորդառատ անձրևները, որոնք հանգեցրել են հեղեղումների, հարվածել են Իսպանիայի արևելյան և հարավային շրջաններին: Ըստ վերջին տվյալների՝ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 214-ի, զոհեր են գրանցվել նաև Կաստիլիա Լա Մանչա կենտրոնական շրջանում և երկրի հարավում՝ Անդալուսիայում։