Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը...

Աշխարհի ցանկացած կետում Իսրայելի կողմից իրանական շահերին ուղղված սպառնալիքներն անպատասխան չեն մնա։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) օպերացիաների գծով հրամանատարի տեղակալ գեներալ Աբբաս Նիլֆորուշանը։

«Մենք անպատասխան չենք թողնի այն գործողությունները, որոնք իսրայելական ռեժիմը կհամարձակվի իրականացնել մեր շահերի դեմ աշխարհի ցանկացած կետում», - մեջբերում է նրա խոսքերը Press TV-ն։

Ըստ Նիլֆորուշանի, Իսրայելը Իրանի դեմ կիրառում է «գորշ գոտու պատերազմի» ռազմավարություն, որի ամենակարևոր նպատակն է փորձել «թուլացնել Իրանի հզորության հիմնական բաղադրիչները՝ միջուկային, հրթիռային, անօդաչու սարքերը, ինչպես նաև ազդեցությունը տարածաշրջանում»:

Նրա կարծիքով, այս ռազմավարության հիմնական սկզբունքներն են հետախուզական պատերազմ վարելն ու Իրանի հետ հակամարտությունում լարվածության պահպանումը այնպիսի մակարդակի վրա, որը չի ենթադրում անցնել Իսլամական Հանրապետության գոյություն ունեցող կարմիր գծերը։ Գեներալը նշել է, որ Թեհրանը «հատուկ նշանակություն է տալիս հետախուզության պաշտպանությանը»՝ հակազդելու այս ռազմավարությանը։