Իշխանությունը «խրվել է» չլուծված խնդիրների փն...

Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսարի հարց, Արցախի հիմնահարց, ՍԴ իրավիճակ. այս ու մի շարք հարցեր կապահովեն քաղաքականապես «թեժ» աշունը: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ սրանք հարցեր են, որոնց լուծումը մնացել է իշխանությունների վրա. «Այսպես ասած, իշխանությունը «խրվել է» չլուծված խնդիրների փնջի մեջ»:

Ըստ Հակոբյանի՝ կուտակվել են հարցեր, որոնք լուծում չեն գտել, որոշ դեպքերում՝ նաև միտումնավոր, և հիմա եկել է մի պահ, որ լուծման վերջնաժամկետն է, և որը պայմանավորված է թե՛ ներքաղաքական զարգացումներով, թե՛ արտաքին քաղաքական պարտավարությւոններով, ինչ-որ տեղ նաև ներքին և արտաքին ճնշումներով: 

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ բարդ է լինելու ելք գտնելը. մի լուծումը մի նոր օրակարգային խնդիր կբերի, մի լուծումը՝ մեկ այլ. ցանկացած լուծում կարող է հանգեցնել նոր քաղաքական օրակարգերի:

Քաղտեխնոլոգը անդրադառնում է նաև վարրչապետի՝ տարբեր քաղաքական ուժերի հետ վերջին շրջանի հանդիպումներին, մասնավորապես՝ երեկ «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ նշելով.

«Այն խառնաշփոթը, որ այժմ կա քաղաքական դաշտում, ինչ-որ չափով հենց իշխանության ներսում եղած տարաձայնությունների արդյունքն է, որոնք երբեմն նույնիսկ տպավորություն են գործում, թե բերելու են խմբակցության տրոհման: Կարծում եմ՝ որոշակի անվստահություն է առաջացնում նույն վարչապետի մոտ, և նա փորձում է նոր պայմանավորվածություններ ձեռք բերել»:

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ վարչապետը հույսը չի դնում միայն իր քաղաքական թիմի վրա, որովհետև պրակտիկան ցույց տվեց, որ այդ քաղաքական թիմը ոչ միշտ է, որ «սարի պես» կանգնած է լինում վարչապետի մեջքին:

Քաղտեխնոլոգը վերջին 1-1.5 տարվա ընթացքում համոզվել է, որ նույնիսկ անլուրջ դիմադրության հանդեպ իշխանությունները շատ զգայուն են: «Հաշվի են առնում ամեն ինչ: Բավական է, որ Ֆեյսբուքում ինչ-որ աղջիկներ, տղաներ ինչ-որ կարծիքներ հայտնեն, դա իրենց կարող է խրտնեցնել, ու հետ քաշվեն»: