Իշխանությունների կողմից թշնամի են հռչակվել ոչ...

Գործող իշխանությունների կողմից թշնամիներ են հռչակվել ոչ միայն ազգային կառույցները, սփյուռքի մեր հայրենակիցները, այլև անկախ լրատվամիջոցները, որոնց  որոնց ներկայացուցիչները հետապնդվում են պարբերաբար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանը։

Նրա խոսքով՝ վերջին 5 տարիների ընթացքում ակնատես ենք  եղել ԶԼՄ-ների խմբագիրների թիրախավորումների, ԶԼՄ ներկայացուցիչների վրա հարձակումների, ԶԼՄ գրասենյակներ ներխուժումների, ինչպես նաև ֆինանսական միջոցների վրա արգելանքների կիրառմանը. «Այս բոլորն ուղղված են եղել անկախ լրատվական միջոցների գործունեության և ազատ խոսքի արտահայտման խոչընդոտմանը։ Իսկ բառացիորեն երեկ մենք ականատես ենք եղել իր մասնագիտական պարտքը կատարող լրագրող Անի Գևորգյանի մասնագիտական գործունեության խոչընդոտմանը՝ իշխող ուժի աջակցի կողմից նրա վրա կազմակերպած հարձակման տեսքով։ Առկա փաստերը վկայում են, որ հատկապես կին գործիչների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ ատելության խոսքով, կյանքի և առողջության նկատմամբ սպառնալիքներով ուղեկցվող արշավները կազմակերպվում և ուղորդվում են իշխանության տարբեր աստիճաններում գտնվող ներկայացուցիչների կողմից»,- հայտարարեց Վարդանյանը։

Նա իր զորակցությունը հայտնեց վերջին 5 տարիներին հետապնդման ենթարկված մեր բոլոր հայրենակիցներին՝ զոհված զինծռայողների ծնողներից մինչեւ ապօրինի կալանքի տակ գտնվող գեներալներ ու լրագրողներ:

«Դիմելով ձեզ ուզում եմ վստահեցնել, որ նախքան Հայաստանում անհրաժեշտ քաղաքական փոփոխությունները, մենք որպես Հայաստանի ԱԺ պատգամավորներ, ամբողջապես պատրաստակամ ենք օգտագործել պատգամավորի մանդատը նաեւ ձեր իրավունքների պաշտպանության համար հնարավորին շրջանակներում, մինչեւ ՀՀ-ում կձեւավորվի այնպիսի իշխանություն, որտեղ պետությունը ինքը կկարողանա ապահովել իր բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: