Երեկ Ազգային Ժողովում իրական վակխանալիա էր։ ԱԺ-ում իր զեկույցն էր ներկայացնում ՄԻՊ Արման Թաթոյանը։ Իշխանական ճամբարը, ինչպես ևս սպասելի էր, փորձեց կազմակերպված ձևով արշավ իրականացնել Արման Թաթոյանի դեմ։ Գլխավոր դերում, ինչը նույնպես սպասելի էր, սորոսական Մարիա Կարապետյանն էր։ Իշխանական պատգամավորը ՄԻՊ-ին անգամ մեղադրեց մեդիատեռոր իրականացնելու մեջ։
Արման Թաթոյանը ստիպված եղավ կոշտ պատասխանել Մարիա Կարապետյանին․ «Տիկին Կարապետյան, ձեր ասածը փաստերի կեղծում է, բացահայտ կեղծիք, ու շատ վիրավորական է ՄԻՊ սահմանադրական ինստիտուտի հանդեպ ձեր՝ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ ունեցողի կողմից նման ուղերձներ հղելը»,-հայտարարեց Թաթոյանը։
Հետաքրքիր է, որ այս միջադեպից ժամեր անց Արման Թաթոյանը հայտնվեց Ադրբեջանի ՄԻՊ-ի թիրախում։ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան նամակ է հղել ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելին եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյե Միյատովիչին՝ բողոքելով Հայաստանի օմբուդսմենից: Այս մասին հայտնում է АПА-ն:
Բողոքի էությունն այն է, որ «ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում անընդհատ ադրբեջանցիների նկատմամբ ագրեսիա եւ անհանդուրժողականություն քարոզող հայտարարություններ ու արտահայտություններ են տարածվում՝ Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունների ազդեցության եւ ճնշման ներքո»:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը Արման Թաթոյանի մասին խոսել էր նույն տոնով և նույն բառապաշարով ինչ Մարիա Կարապետյանը։ Սա իհարկե կարելի էր համարել զուգատիպություն, եթե չլիներ Մարիա Կարապետյանի կենսագրությունը։ Այս պատգամավորը երկար տարիներ աշխատել է ադրբեջանցի իրավապաշտպանների հետ, մասնակցել տարբեր զեկույցների կազմման, որոնցում Արցախը համարվել է Ադրբեջանի մաս, իսկ պատերազմի սանձազերծման մեղքը դրվել է հայերի վրա։ Մարիա Կարապետյանը նաև թրքասիրության և ադրբեջանցիների ու թուրքերի հետ բարեկամության հիմնական քարոզիչներից է։
Այս պահին իհարկե դժվար է ցույց տալ այն կապը, որը Մարիա Կարապետյանին կապում է ադրբեջանցիների հետ, բայց վստահաբար կարելի է ասել, որ այն կա և ապագա իշխանափոխությունից հետո ամեն բան պարզ կլինի։



