Իրավիճակը ճակատում վատթարացել է. Ուկրաինայի Զ...

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին իր տելեգրամյան ալիքում ծավալուն գրառում է հրապարակել, որում գրում է ռազմաճակատում իրավիճակի սրման և ռուսական զորքերի մարտավարական հաջողությունների մասին։

«Իրավիճակը ճակատում սրվել է: Փորձելով գրավել ռազմավարական նախաձեռնությունը և ճեղքել առաջնագիծը՝ հակառակորդն իր հիմնական ուժերը կենտրոնացրել է մի քանի ուղղությամբ՝ ստեղծելով ուժերի և միջոցների զգալի առավելություն։ Նա ակտիվորեն գրոհում է առաջնագծի ողջ երկայնքով, որոշ ուղղություններով ունի մարտավարական հաջողություններ»,- գրել է գլխավոր հրամանատարը։

Միևնույն ժամանակ, Սիրսկին նշել է, որ իրավիճակը շատ արագ փոխվում է, «որոշ ​​դիրքեր օրվա ընթացքում մի քանի անգամ «ձեռքից ձեռք են անցնում», ինչի հետևանքով իրավիճակն ընկալվում է ոչ միանշանակ»։

Առավել վտանգավոր է համարվում Օչերետինոյի մոտ ռուսական բանակի առաջխաղացումը: Կիրակի ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական բանակին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Օչերետինոյի հարավ-արևելքում գտնվող Նովոբախմուտովկա բնակավայրը։ Ուկրաինացի զինվորականները չեն հաստատել այդ տեղեկությունը:

Լարվածությունը չի մարում նաև հարավում՝ Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, որտեղ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել, բայց, ըստ Սիրսկու, հաջողության չեն հասնում։