Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է. «Միջազգային իրադրությունն ադրբեջանական կողմին թույլ չի տալիս պատերազմ սկսել», հայտնում է minval.az-ը:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայից Politik.am-ը փորձեց մեկնաբնություն ստանալ` հստակեցնելու, թե միջազգային ինչ իրադրության մասին է խոսքը: Ըստ ադրբեջանագետի`Հասանովը նկատի ունի տնտեսական ոլորտում իրենց միջազգային պարտավորությունները.
«Ադրբեջանը պետք է կապի միջազգային գազամուղի պրոեկտը փորձարկի, ունի հստակ ժամկետներ ու Եվրամիության առաջ պարտավություններ: Ցանկացած իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը կարող է վտանգել մի պրոեկտ, որում ներդրվել են արտերկրյա քաղաքական և ֆինանսական միջոցներ:
Ադրբեջանի համար ժամկետների առումով առաջնահերթ խնդիրը կապի պրոեկտը կյանքի կոչելն է: Բացի դրանից չեմ կարծում, թե միջազգային հանրության կողմից բարենպաստ պայմաններ են ստեղծվել, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները չնկատվեն: Հետևաբար այս հայտարարությամբ ազդակ է ուղարկվում դեպի դուրս, որպեսզի հարցի շուրջ ավելի ադրբեջանանպաստ դիրքորոշում ցուցաբարեն նույն Մինսկի խմբի համանախագահ երկրները»,- ասաց նա:
Էլիբեգովան ամփոփեց` ինչքանով կարելի է հասկանալ Հասանովի խոսքերից, հիմա այդ «դաբրոն» Ադրբեջանը չունի:



