Օգոստոսի 14-ի ժամը 11․45-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց գողության վերաբերյալ․ մայրաքաղաքի «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի պահեստից տարել էին զարդեղենով ճամպրուկ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները շտապ մեկնեցին դեպքի վայր։ Պարզվեց, որ ժամը 9․35-ից 9․45-ն ընկած ժամանակահատվածում պահեստից գողացել էին 50 հազար դոլար արժողության արծաթե զարդեր։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ներքին Չարբախի 43-ամյա բնակիչը, որն էլ, ահազանգից ժամեր անց՝ ժամը 17․10-ին հայտնաբերվեց իր տան մոտ, ձերբակալվեց և գողացված ճամպրուկով հանդերձ տեղափոխվեց վարչություն։
Նախաքննությունը շարունակվում է։



