Իրաքը սկսել է նավթ արտահանել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ Վալիդ սահմանային անցակետով: Այս մասին իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Ալ Վալիդ շրջանի ղեկավար Մուջահիդ ադ Դուլեյմին։
«Այսօր տեղի է ունեցել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ Վալիդ սահմանային անցակետի փորձնական բացումը՝ նավթատարների մուտքի համար», - ասել է ադ Դուլեյմին։
Նրա խոսքով՝ ներկայում Սիրիայի տարածք մուտքի է սպասում ավելի քան 150 նավթատար։ Դրա հետ մեկտեղ Իրաքի իշխանությունները հույս ունեն, որ այս անցակետով օրական միջին հաշվով կանցնի առնվազն 500 ավտոցիստեռն։
Իր հերթին Reuters գործակալությունը մարտի 31-ին հաղորդել է, որ իրաքյան պետական SOMO ընկերությունը, որն զբաղվում է նավթի վաճառքով, ավարտել է ապրիլ ամսից մինչև հունիս Սիրիայի տարածքով ցամաքային փոխադրումների համար ամսական շուրջ 650 հազար մետրական տոննա մազութ մատակարարելու պայմանագրերը։



