Իրաքը չի պաշտպանում Հորմուզի նեղուցում ռազմական միջամտությունը, թեև նավագնացության սահմանափակումը համարում է միջազգային իրավունքի խախտում: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա աս-Սուդանին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
«Մենք համաձայն չենք ռազմական լուծումներին: Նավերի զինված պաշտպանությունը կառաջացնի Իրանի հակազդեցությունը և չի նպաստի նավագնացությանը: Հետևաբար, մենք չենք միանա Պարսից ծոցում ռազմական գործողություններին», - ասել է նա՝ հավելելով, որ Բաղդադը դատապարտում է Հորմուզի նեղուցի փակումը և դա համարում է նավագնացության ազատության հետ կապված միջազգային իրավունքի խախտում:
Իրաքի վարչապետը նշել է, որ իրաքյան ուժերը հաջողությամբ կանխել են մեծ թվով հարձակումներ շիաների զինված կազմավորումնների կողմից՝ հիշեցնելով, որ ժամանակին հենց այդ խմբերն են ամերիկացիների հետ միասին պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:
Իրանը հայտարարում է, որ նեղուցով անցումն արգելափակված չէ. հարվածների են ենթարկվում միայն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավերը: Սակայն հակամարտության ընթացքում նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, քանի որ ընկերություններն իրենք են հրաժարվում ռիսկերից: Այս ամենի ֆոնին նավթի գինը կտրուկ աճել է։



