Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին․ Խարգ կղզի զորք ու...

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն անդրադարձել է այն հնարավորությանը, որ ԱՄՆ-ն կարող է զորքեր ուղարկել Խարգ կղզի։ Նա նշել է, որ այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է և դեմ է միջազգային օրենքին։ Նման իրավիճակում Իրանը կպաշտպանվի։

Այս մասին Խաթիբզադեն հայտարարել է երկրում գտնվող Sky News-ի միջազգային լրատվության խմբագիր Դոմինիկ Ուեգորնի հետ բացառիկ հարցազրույցում։

Լրագրողի մեկնաբանությանը, որ ԱՄՆ-ն հազարավոր ծովային հետևակայինների է ուղարկում տարածաշրջան, Խաթիբզադեն պատասխանել է, որ Իրանը կպաշտպանի իրեն։ Լրագրողը հարցրել է, թե ինչ տեղի կունենա ծովային հետևակայինների հետ, եթե նրանք ոտք դնեն Խարգ կղզի։

«Կարդացեք, թե ինչ է տեղի ունեցել Վիետնամում։ Հույս ունեմ, որ խելամտությունը կգերակայի, որ դիվանագիտությունը կգերակայի մյուս կողմի մոտ», - ասել է Խաթիբզադեն։

Հարցին՝ արդյոք Իրանն այժմ պատրաստ է բանակցությունների, Խաթիբզադեն պատասխանել է, որ իրենք այժմ կենտրոնացած են երկրի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու վրա։

«Ցանկացած բան, որ կարող է մեզ շեղել այս հերոսական ազգային պաշտպանությունից, այդ պահին չի քննարկվում», - ասել է ԱԳ փոխնախարարը՝ նշելով, որ պատերազմի ավարտի որոշում պետք է կայացնեն նրանք, ովքեր սկսել են այս ագրեսիան։

Խաթիբզադեն շեշտել է՝ Իրանը պատրաստ է պաշտպանվել, որքան դրա անհրաժեշտությունը լինի։

Իրանի ԱԳ փոխնախարարը նաև անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին՝ կապված երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջության և այն փաստի հետ, որ նա չի հայտնվել հանրության առաջ։

«Նա առողջ է, նա է ղեկին և անում է այն, ինչ նրանից սպասվում է.... Այն պահին, երբ նա կամ նրա գրասենյակը որոշեն, որ դա պետք է անել (խմբ.՝ որ նա  հրապարակայնորեն հանդես գա), նրանք դա կանեն», - ասել է պաշտոնյան։