Իրանը սկսել է հրթիռներ արձակել՝ դրանց վրա անգ...

Իրանը սկսել է հրթիռներ արձակել՝ դրանց վրա անգլերենով գրված երախտագիտության խոսքերով՝ ուղղված իրեն աջակցող մի շարք երկրների ժողովուրդների։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Մումբայում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։

Իրանի օդատիեզերական ուժերի անունից ձեռագիր երախտագիտության խոսքեր են ուղղվել Իսպանիայի, Պակիստանի, Հնդկաստանի և Գերմանիայի ժողովուրդներին։ Հաղորդագրությունները փակցվել են հրթիռների վրա, որոնք արձակվել են ամերիկա-իսրայելական հարձակմանն ի պատասխան  հարվածների 83-րդ ալիքի ժամանակ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագրի զարգացման համար։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու էներգետիկ օբյեկտներին։

Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 1937-ի: Պատերազմի գրեթե չորս շաբաթվա ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է 17-ի: ԱՄՆ-ն հայտնել է 13 զինծառայողի զոհվելու մասին։ Ավելի քան 1100 մարդ զոհվել է Լիբանանում, որը հակամարտության մեջ է ներքաշվել Իսրայելի տարածքին «Հեզբոլլահ» շարժման հարվածների պատճառով։ Զոհեր կան նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում: