Իրանը փորձել է խոցել Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող հակահրթիռային պաշտպանության համակարգերի ռադարային կայանքները: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Արաբական թերակղզու կարևորագույն ռազմաբազաների արբանյակային վերջին լուսանկարների տվյալները։
Նշվում է, որ դատելով այդ լուսանկարներից՝ Իրանը փորձում է նվազեցնել հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ ոչնչացնելով ԱՄՆ-ի կողմից կառուցված ռադարները, որոնք ֆիքսում են հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։
Մասնավորապես, մարտի 2-ի լուսանկարները ցույց են տալիս, որ Հորդանանում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը հարված է ստացել և, հավանաբար, ոչնչացվել է։ Հարվածը գրանցվել է «Մուվաֆաք Սալթի» ավիաբազայում, որը կարևորագույն օբյեկտ է ԱՄՆ-ի զինվորականների համար:
Փետրվարի 28-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱՄԷ-ում գրոհի է ենթարկվել երկու օբյեկտ, որտեղ տեղակայված են ռադարներ: Առնվազն երեք կառույց վնասվել է Ռուվայսի շրջանում, չորսը՝ Սադերի շրջանում, այդ թվում՝ THAAD ռադարների համար պատսպարանները։
Արբանյակային լուսանկարներում նաև երևում է, որ Ում Դահալի շրջանում վնասվել է Կատարի համար ԱՄՆ-ում արտադրված վաղ հայտնաբերման ռադիոտեղորոշիչ համակարգը։
CNN-ն այս շաբաթվա սկզբին հաղորդել էր, որ Արաբական թերակղզում Իրանի հարվածների թիրախներ են դարձել կապի միջոցները, ռադարները, հետախուզական տվյալների հավաքման միջոցները:



