
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է միջուկային համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ, այլապես ամեն ինչ շատ ավելի վատ կլինի։ Նա նաև նախազգուշացրել է, որ Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ հետագա հարվածներն արդեն պլանավորված են և էլ ավելի կոշտ են լինելու։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
Թրամփը գրել է, որ ԱՄՆ-ն լավագույն զինամթերք արտադրողներից է աշխարհում, և Իսրայելն ունի ամերիկյան զենքեր և դեռ ավելին է ստանալու։ Թրամփի խոսքով՝ կոշտ քաղաքականության կողմնակից մի քանի իրանցիներներ «խիզախ խոսում էին», բայց նրանք «բոլորը հիմա մեռած են, և ամեն ինչ միայն ավելի է վատթարանալու»։
«Արդեն իսկ մեծ թվով մահեր և ավերածություններ են եղել, բայց դեռ ժամանակ կա՝ վերջ դնելու այս կոտորածին, որի հաջորդ՝ արդեն պլանավորված հարձակումները կլինեն ավելի դաժան։ Իրանը պետք է համաձայնագիր կնքի, այլապես ոչինչ չի մնա…. Այլևս ոչ մի մահ, ոչ մի ավերածություն։ Պարզապես արեք դա, քանի դեռ չափազանց ուշ չէ», - գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ ինքն «Իրանին մեկը մյուսի հետևից հնարավորություն է տվել» միջուկային համաձայնագիր կնքելու համար։
Մեկ այլ գրառման մեջ Թրամփը նշել է, որ երկու ամիս առաջ Իրանին 60 օր է տվել համաձայնության հասնելու համար։
«Նրանք պետք է արած լինեին դա։ Այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասել էի՝ ինչ անել, բայց նրանք չհասան դրան։ Նրանք այժմ ունեն, հավանաբար, երկրորդ հնարավորություն», - գրել է նա։
Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ Խաղաղ բնակիչների թվում կա 95 վիրավոր, զոհերի թիվ առայժմ չի հաղորդվել։ Իրանն ի պատասխան իսրայելական հարվածների շուրջ հարյուր անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ և հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ հունիսի 15-ին պլանավորված միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։