Իրանը պատրաստ է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ իր ազ...

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը ԱՄՆ-ի հետ հավասար պայմաններով բանակցություններից հետո գործարք կնքելու հարցում՝ պայմանով, որ նրա ազգային շահերը պաշտպանվեն, տեղեկացրել է Tasnim-ը։ Երկուշաբթի Իրանի ՆԳՆ-ում Իրանի նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը հաստատել է իր վարչակազմի հանձնառությունը՝ զարգացնել քաղաքական, տնտեսական, գիտական ​​եւ մշակութային հարաբերություններ այլ երկրների, մասնավորապես իսլամական եւ հարեւան պետությունների հետ: «Մենք ձգտում ենք կառուցողական փոխգործակցության այլ երկրների հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- նշել է նա։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երկու փուլերը՝ նախագահն ասել է. «Մենք պատրաստ ենք գործարքի ԱՄՆ-ի հետ բանակցություններում որոշակի շրջանակներում եւ (մեր) ազգային շահերի պաշտպանությամբ»։ «Սակայն եթե նրանք (ԱՄՆ) չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով բանակցել, մենք հավատարիմ կմնանք մեր սեփական ճանապարհին»,- ավելացրել է Իրանի նախագահը։ Արձագանքելով Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հայտարարություններին՝ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը ոչ լավատեսորեն, ոչ էլ հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի հետ բանակցությունների հանդեպ։Իրանի եւ ԱՄՆ պատվիրակությունները վերջին երկու շաբաթվա ընթացքում Մասկատում եւ Հռոմում բանակցությունների երկու փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու համար: Կողմերը պայմանավորվել են փորձագիտական ​​մակարդակով տեխնիկական բանակցություններ սկսել Օմանում ապրիլի 23-ին, որին կհաջորդի առաջատար բանակցողների հանդիպումը ապրիլի 26-ին: