Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ համապատասխան պայմանների ստեղծման դեպքում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Անհրաժեշտ է պատշաճ հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար, իսկ հետո մենք կսկսենք բանակցությունները, որոնք կհիմնվեն այն նույն բանաձևի վրա, որն օգտագործվել է ԳՀՀԾ-ում», - ասել է նախարարը պետական հեռուստաալիքի եթերում:
«ԳՀՀԾ-ն հիմնված էր այն տրամաբանության վրա, որի համաձայն Իրանը կամրապնդի վստահությունն իր խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ, իսկ մյուս կողմը կվերացնի պատժամիջոցները: Մենք կարող ենք վերադառնալ այդ բանաձևին», - պարզաբանել է նա։
Արաղչին կարծում է, որ ԳՀՀԾ-ն նախկինի պես համապատասխան հիմք է, որը կարող է տանել դեպի նոր համաձայնագիր։
«Այդ ամենը կախված է նրանից, թե արդյոք մենք փոխըմբռնման կհասնենք եվրոպացիների և ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցների հետ, որպեսզի կարողանանք բանակցությունները վերսկսել հավասար դիրքերից», - հավելել է նա։
Արաղչին նշել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ն «հիմա պատրաստ չէ բանակցությունների», քանի որ քիչ ժամանակ է մնացել մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։
«Եթե անհրաժեշտ լինի, մենք եվրոպացիների հետ կսկսենք շփումները և չենք սպասի Ամերիկային», - հայտարարել է նա։
2015 թվականին Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան, կնքեցին ԳՀՀԾ-ն, ըստ որի Թեհրանը պետք է իր միջուկային ծրագրի զարգացումն իրականացնի բացառապես խաղաղ նպատակներով՝ միջազգային և միակողմանի պատժամիջոցները հանելու դիմաց։
ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս բերեց ԱՄՆ-ն ԳՀՀԾ-ից և վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները, ինչը Թեհրանին ստիպեց աստիճանաբար հրաժարվել գործարքի մի քանի պայմանների կատարումից: Թրամփին փոխարինած Ջո Բայդենը հայտարարել է համաձայնագրին որոշակի պայմաններով վերադառնալու պատրաստակամության մասին։ Իրանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը Վիեննայում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել ԳՀՀԾ-ի վերականգնման նպատակով, սակայն դրանք դադարեցվել են առանց կոնկրետ արդյունքի։



