Իրանը նավթի եկամուտների մի մասը կօգտագործի ար...

Իրանը նավթի վաճառքից ստացված եկամուտների մի մասը կուղղի ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով տուժած արդյունաբերության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է երկրի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադը, փոխանցում է Fars-ը։

Նախարարի խոսքով՝ փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին նավթի վաճառքի ծավալները պահպանվել են կայուն մակարդակի վրա։ Նա նաև ընդգծել է, որ նավթային ոլորտն ապահովել է նավթավերամշակման գործարանների անխափան աշխատանքը և արտահանումը (այդ թվում՝ Խարգ կղզու հիմնական տերմինալից)։

Միևնույն ժամանակ, Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հասցված վնասը գնահատվում է շուրջ 270 միլիարդ դոլար։ Նրա խոսքով՝ այս վնասների փոխհատուցման թեման դարձել է ամերիկյան կողմի հետ Իսլամբադում կայացած բանակցությունների առանցքային կետերից մեկը։